Նախաբոլշևիկյան Բաքվի նավթարդյունաբերության ողջ պատմության ընթացքում եղել է ընդամենը երեք թուրք, որոնցից մեկը Հաջի Զեյնալ-Աբդին Թաղիևն էր։ (Քանի որ հրապարակմանս հենքը պատմական է, ապա հիշեցնեմ, որ ռուսական պաշտոնական աղբյուրներում ներկայիս ադրբեջանցիները կոչվում էին կասպյան թաթարներ կամ պարզապես թաթարներ, հայ մամուլում՝ թուրքեր, իսկ օսմանլու թուրքերը՝ տաճիկներ։ Հետևաբար, շարունակելով ավանդույթը, ես էլ ադրբեջանցիներին կանվանեմ թուրքեր)։ Այս անգրագետ մարդու հետ կապված են բազմաթիվ տհաճ, անգամ՝ զավեշտի հասնող պատմություններ։ Ընկերակցելով երկու հայ եղբայրների հետ՝ պատահաբար նավթաբեր հողեր գնեց, ապա հիմնեց ֆիրմա և պաշտոնապես սկսեց կոչվել նավթարդյունաբերող։ Բնականաբար, խելքը ոչնչի չէր հասնում, և իր բիզնեսը ղեկավարում էին այլազգի մասնագետներ։ Ի վերջո, նավթադաշտերը վաճառեց անգլիացիներին և դառնալով միլիոնատեր՝ հիմնեց տեքստիլ ֆաբրիկա, որտեղ տիրող բարքերը մամուլի համար մշտական սկանդալի նյութ էին։
Ռուսական իշխանությունը, ձգտելով հակակշիռ ստեղծել նավթարդյունաբերությունում, առևտրում, կրթության ու մշակույթի ասպարեզներում բացահայտ առաջատար հանդիսացող հայերին, ամեն կերպ աջակցում էր մահմեդական տարրին, ի դեմս Թաղիևի, նրան շնորհելով է՛լ իսկական պետական խորհրդականի, է՛լ առևտրի խորհրդականի, է՛լ ժառանգական պատվավոր քաղաքացու, է՛լ 1-ին գիլդիայի վաճառականի կոչումներ, ինչին մյուսները հասնում էին տարիների տքնաջան աշխատանքով։
Թաղիևը նաև բարեգործ էր․ հետևելով հայերի օրինակին՝ նա խոշոր գումարներ էր տրամադրում թուրքերի կրթության ու մշակույթի զարգացման համար։
Արդյունքը եղավ այն, որ Թաղիևը վերածվեց Բաքվի թուրքերի անվիճելի հեղինակության և առաջնորդի։
1907 թ․ փետրվարին պետք է ձևավորվեր Ռուսաստանի պետական դումայի 2-րդ գումարումը, և Բաքվին հատկացվեց մեկ տեղ։ Թաղիևը որոշեց առաջադրել իր որդուն՝ 42-ամյա Իսմայիլին։ Սա սովորել էր Բաքվի ռեալական ուսումնարանում, 6-րդ դասարանից դուրս էր մնացել, բայց (ճակատագրի հեգնանք) 1895 թ․ նշնակվել էր նույն ուսումնարանի․․․ պատվավոր հոգաբարձու։ 1898-1905 թթ․ ապրել էր Մոսկվայում ու զբաղվել կերոսին ծախելով։ Ինչևէ, 1907 թ․ փետրվարի 6-ին Բաքվի թուրքերը միահամուռ կերպով նրան ընտրեցին պատգամավոր, դրանով իրենց նվիրվածությունը հայտնելով հորը։
Այցելեք համացանց, որոնում կատարեք ու կտեսնեք, որ ամենուր նշված է՝ Պետերբուրգ չի ժամանել ու կորցրել է տեղը։ Ինչու՞։
Պատասխանը գտա Բաքվի «Իրշադ» թուրքական թերթում, որը գրել էր․ «Պետերբուրգի բոլոր լրագրերը Բաքվի կողմից ընտրված պ․ Իսմայիլ Թաղիևի՝ Դումա չգնալու մասին խոսելով, թե հիշյալին և թե մահմեդականներին քննադատում, հանդիմանում են։ Եվ Իսմայիլ աղայի՝ Դումա չգնալու պատճառը մեզանից՝ Բաքվի բնակիչներից ավելի լավ իմանալով, երկար ու մանրամասնորեն գրում են այդ մասին։ Պարզվում է, որ աղա Իսմայիլի չգնալու պատճառը փողն է եղել։ Իբրև թե աղա Իսմայիլը պատգամավորության գնալու համար պահանջել է ժողովրդից տարեկան քսանչորս հազար ռուբլի, հորից էլ՝ քսանչորս հազար։ Երկու կողմից էլ մերժման հանդիպելով՝ աղա Իսմայիլը պատգամավորությւոնից հրաժարվել և Թիֆլիս իր բնակավայրն է չվել։
Իսկապես շատ մեծ ամոթ և վնաս է, որ Բաքվի նման մի խոշոր քաղաք չունենա իր պատգամավորը Պետական դումայում։ Դա մի մեծ դավաճանություն կլիներ մեր հասարակության, մեր ազգի համար։ Պետք է հեռացնել այդ դավաճանությունը, որպեսզի քաղաքի ազգաբնակությունը օգտվի իր իրավունքից»։
Այո, այո, Իսմայիլը իր ընտրողներից պահանջել էր տարեկան խոշոր գումար, նույնքան էլ՝ հորից։ Չէին տվել՝ չէր գնացել։ Որպեսզի պարզ լինի, թե դա ինչպիսի գումար էր, համեմատության համար ասեմ, որ նույն թվականին Թիֆլիսի «Արկադիա» ռեստորանը՝ իր ամբողջ գույքով, վաճառվում էր 500 ռուբլով։
Դրանից հետո որդու ու հոր հարաբերությունները նոր զարգացում ապրեցին։ Հաջի Զեյնալ-Աբդին Թաղիևը թողեց առաջին կնոջը՝ Իսմայիլի մորը, և ամուսնացավ հարսի՝ Իսմայիլի կնոջ քրոջ հետ։ (Միայն թե չասեք՝ սե՜ր, բարձր զգացմունքնե՜ր և այլն, պարզապես ցանկացել էր ավելի ջահել ու սիրուն կին ունենալ)։ Իսմայիլը վերջնականապես գժտվեց հոր հետ ու մեկնեց Ստամբուլ։
***
Կասպյան «կիրթ» սուլթանը, «կառուցողական» բռնապետը, նողկալի գերեվաճառը մեր՝ հայերիս հասցեին անպատասխան գործածում է ամբարտավան, սանձարձակ որակումներ, այդ թվում և՝ շահամոլ, անբարոյական և այլն։
Իր աչքի գերանը թողած, մեր աչքի փուշն է խոթում մեր աչքը։
Էս չե՞ք․․․
Խաչատուր Դադայան